Անձնական անսեթևեթ ծանոթությամբ ու երկուստեք ձեռք բերված անսպասելի փոխվստահությամբ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ և Հայաստանի երգի պետական թատրոնի շուրջ մեր մտերմիկ խոսակցությունն ակնկալվածից երկար ու հանդարտ շարունակվում է աղմկահարույց երգահանդեսից հետո։ Երբ դաշնամուրային հանպատրաստից մեկնաբանությամբ ներկայացնում է նախորդ օրը պարզունակ մատուցված երգերից մեկը, սկսում եմ կասկածել նրան վերագրված մեղքերի տեսակարար կշռաչափին։
-Ձեր դստեր` Մանեի նախաձեռնած նոր ձայնասկավառակի թողարկումը երգիչ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի 35-ամյա գործունեության նշանավորո՞ւմն էր։
-Երգիչ` այնքան էլ չեմ սիրում։ Ժամանակին, երբ ստեղծվում էին երգերս, դրանց երգիչը չկար, այդ պատճառով երգել սկսեցի։
-Հեղինակային երգի կատարումնե՞ր։
-Երևի, երբեք ինձ երգիչ չեմ համարել և չեմ երգել ուրիշների երգերը։ Հետո ծնվեցին լավ երգիչները, և ես կամաց-կամաց սկսեցի չերգել։
-Այսինքն, նոր սերնդի երգիչները կարողացան այնքան ճիշտ մեկնաբանել, «թարգմանել», մատուցել Ձեր գործերը, որ միայն ինքներդ Ձեզ համար սկսեցիք երգել։ Ինչպե՞ս եք արժևորում Ձեր կյանքի առաջին դարակեսը` մնալով հոգով երիտասարդ երկրորդում։ Համարենք «Երկու տուն, մեկ անուն` հայրենիք» (ի դեպ, երգահանդեսում ներկայացվածից անհամեմատ բարեհունչ) ձայնասկավառակի թողարկումը Ձեր ծննդյան տոնը, և այդ առիթով առանձնացնենք անցած ճանապարհի կարևորագույն հանգրվանները` նախասիրություններով, ուսուցիչներով, կայացման շրջադարձերով։
-Ավարտելով երաժշտական ուսումնարանը որպես դաշնակահար-կոմպոզիտոր` չեմ ուզել շարունակել կրթությունս ԵՊԿ-ում։ Մտածել եմ, որ ամենալավ ուսուցիչն իմ բնույթն է, էությունս։ Ինչ կարող էի վերցնել տեսակս դրսևորելու համար, կարծում եմ, ստացա ուսումնարանում։ Մեկնեցի Մոսկվա` Թատերարվեստի պետական ինստիտուտ (թԼՁԼհ), էստրադային ռեժիսուրայում մասնագիտացա, ինչն ինձ շատ օգնեց` ստեղծելու երգի իմ պատկերացրած թատրոնը։ Չեմ սիրում բողոքել, բայց և պիտի ասեմ` ամենահեշտը երիտասարդ սկսնակ ստեղծագործողին «ջարդելն» է։ Այն օրերին մի քիչ տարօրինակ էր հնչում իմ երաժշտությունը կոմունիստների համար, կհիշեք, երևի։
-Այնուամենայնիվ, հնչում էր։
-Կար գրաֆիկ, պլան։ Եթե 12 երգ էիր ուզում ձայնագրել, 6-ը, անպայման, հայրենասիրական պիտի լինեին, կոմունիստական ոգով գրված, մյուս 6-ի ճակատագիրը գեղխորհուրդ կոչվածը պիտի որոշեր` պե՞տք են, թե՞ ոչ։ Շատ դժվար է պատվերով երգ գրելը, բայց ստիպված էիր, հակառակ դեպքում մյուսներն էլ չէին լինի։ Նույն բախտին Նունեն էլ արժանացավ։
-Գաղափարախոսական կայուն հիմքեր ունեցող երկիրը, համաձայնեք, նպատակասլաց մշակութային քաղաքականություն էր վարում, քաղաքացի կրթում։ Ամեն դեպքում, «Ո՞Ւր եք, տղաներն» էլ ծնվեց ու համամիութենական լսարան ունեցավ։
-Որովհետև իսկապես լավ երգ էր, ճիշտ ժամանակին ծնված։ 20-21 տարեկան էի, 17-ում ստեղծել էի արդեն առաջին հայկական էստրադային մանկական խումբը` «Խատուտիկը»` 1976-ին, Օրջոնիկիձեի շրջանի պիոներ-դպրոցականների պալատում։ Սկսեցի դասավանդել ֆիլհարմոնիկին կից գործող էստրադային ստուդիայում, հետո պոպուլյար խումբ ստեղծեցի, միառժամանակ որպես գործիքավորող աշխատեցի` մինչ թԼՁԼհ մեկնելը։ Վերադառնալով, որոշ ժամանակ, կարծեմ` 2002-ին, աշխատեցի «Ֆիլհարմոնիկ» գործակալության տնօրեն։ Երբ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը գնաց Միացյալ Նահանգներ, էստրադային նվագախմբի ղեկավարությունը թողեց ինձ, բայց ուշք ու միտքս թատրոն ստեղծելն էր։ Այն տարիներին նկուղում էինք ապրում, այսօրվա բոլոր հայտնի երգիչները մեր տանն էին հավաքվում։ Այսինքն` արդեն առկա էր իմ երազած երգի թատրոնի կորիզը։
-Թատրոնի նկատմամբ սերը ժառանգաբա՞ր է Ձեզ փոխանցվել։
-Ոչ, իմ ներսում հնչող երաժշտությունն է սերս փոխանցել երգից թատրոնին։ ՈՒնեմ շատ ներանձնային երգեր և չեմ ուզում, որ հաճախ հնչեն։ Ինձ պետք չէ, որ հոգուս ծափ տան։ CD-ի հայրենասիրական երգերում որոշակի մոնումենտալիզմ կա, ինչպես և մի շարք այլ գործերում։ Հենց այդ հանգամանքով եմ պայմանավորում դրանց հնչեցումը Երգի թատրոնում։
-Երաժշտական կուռքե՞ր։
-Շատ կան։
-Ամենա-ամենա՞ն։
-Սթիվի ՈՒանդերը, հայերից Ռոբերտ Ամիրխանյանի արվեստն եմ շատ հարգում։
-Արթուր Գրիգորյան երաժիշտը, կարելի է ասել, գտավ արվեստում իր լիարժեք դրսևորման տեղը Երգի թատրոնի գաղափարի իրագործմամբ։ Հանուն դրա 98-ին հրաժարվեց ԼՂՀ մշակույթի նախարարի առաջարկվող պաշտոնից։ Արցախի հոգևոր ներուժին իր նպաստն է բերում պարբերական համերգային շրջագայություններով` հատկապես զորամասերը կարևորելով։ Հինգ սերունդ է տվել թատրոնը։ Սերնդեսերունդ խորացած նեգատիվ փոփոխության հանդեպ հանրային բուռն դժգոհությունը, անվերապահորեն, լրջորեն անհանգստանալու տեղիք է տալիս։ Երբևէ լայն ժողովրդականություն ձեռք բերածներից շատերն են «մոնղոլ-թաթարական» նորահայտ կերպարով հիասթափեցնում։ Ինչպե՞ս եք ինքներդ գնահատում արդի հայ էստրադային երգարվեստում նրանց դերակատարությունը։
-Երբ առաջին սերունդը լայնահուն երաժշտական կյանք մտավ, դժվարությամբ համակերպվեցի նրանից բաժանվելու իրողությանը։ Բայց կյանքը ցույց տվեց, որ չորս տարին միանգամայն բավական է երգարվեստի հիմնական հմտությունները յուրացնելու համար։ 17 տարեկանին չես կարող 25 տարեկանի հետ նույն ծրագրում պահել, ճիշտ չի լինի։ Այլ խնդիր է, որ նրանցից ոմանք որպես մարդ էլ քեզ հարազատանում են, և մտերմությունդ պահպանելու պահանջ ես զգում։ Թե ինչ են անում շատերը չորս տարի մեր թատրոնում կրթվելուց հետո, իհարկե, ինձ էլ չի գոհացնում։ Լիովին համամիտ եմ Ձեզ հետ։ Զարմանում եմ` նրանց «աստղամոլուցքի» տխուր դրսևորումներն ինչո՞ւ են անպայման ինձ հետ կապում։ Այն որակը, երաժշտական դաստիարակությունը, որ ստանում են նրանք այս թատրոնում, հաճախ բոլորովին կապ չունեն դրսում արածի հետ։ Ոմանք նույնիսկ համոզված են, թե այստեղ միայն Արթուր Գրիգորյան են լսում ու կատարում։ Եթե Մանեն չնախաձեռներ, նոր ձայնասկավառակն ու փոքրիկ տոնախմբությունն էլ չէին լինի։ Մեզ մոտ Հենդելից սկսած երգում են դասական երաժշտություն, Կոմիտաս են երգում... Բավականաչափ կրթելուց հետո եմ միայն նրանց բեմ բերում, որպեսզի գռեհիկ ու պարզունակ չլինեն, «էստրադային»` հենց շեշտված «ր»-ով։ Գուցե չհավատաք, բայց նրանց հետևում եմ հագուկապից սկսած։ Թույլ չեմ տալիս ուսանելիս էստրադա դուրս գալ, ցածրաճաշակ տեսահոլովակներում նկարահանվել կամ աննորմալ, «սերիալոտ» ողբ-երաժշտություն ծորացնել։ Ես հանրային հեռուստատեսությունում խորհրդատու եմ աշխատում, մինչ այդ խորհրդի անդամ էի։ Եթե որևէ մեկին արգելում էի ելույթ ունենալ ապարժեք մի երգով կամ կասկածելի շնորհքով, անմիջապես «Արմենիա»-ում էր տեղ գտնում։ Այստեղ ոչինչ չես կարող փոխել։
-Բայց, ըստ իս, լուռումունջ համակերպվելը ծնունդ է տալիս նորանոր չարիքների։ Ինչպես, ասենք, անհասկանալի պատճառներով արգելափակված «Հայրենիքի» մանկական հայեցի հեռուստատեսային հաղորդումների ակամա փոխարինումը «Չոջուխլարով»։ Ամեն դեպքում, ներկայիս էստրադան զբաղեցնողների մեծամասնությունը մասնագիտական մկրտությունը Ձեզ մոտ է ստանում, հետո միայն լայն ասպարեզ դուրս գալիս։ Պոդիումային կեցվածքով, օտարամոլությանը կուրորեն տուրք տալով, տարօրինակ անվանափոխությամբ, ընդհանուր բարեկրթության ակնհայտ պակասով, ոգու սովի ցցուն պոռթկումներով գերակշռող մեծամասնությունը պարզապես վանում է ճշմարիտ երգարվեստի երկրպագուներին։ Չափազանց նեղլիկ հետաքրքրությունների շրջանակում, կարծես, միայն արտաքին գայթակղիչ փայլի, արտառոց բեմական կերպարի մտահոգությունն է։ Նրանց «համաստեղության» անմարելի փայլատակումներով անկասելի խորացավ գռեհիկ ու ճապաղ «հայկոմկոյական» ծաղրանմանակումներով, սնամեջ ու արհեստածին սերիալներով, դեգրադացվող կրթահամակարգով հասարակական գիտակցության խեղումը։
-Հավատացնում եմ Ձեզ, որ նրանց վերասերումն ամենևին մեր թատրոնում մասնագիտանալով չի պայմանավորված։ Ժամանակներն են գլխիվայր շրջվել։ Անհատական գործունեությամբ հանրաճանաչ դառնալու մղումն է շատերին կայացման այլընտրանքային ուղիներով տանում։ Ներկայիս հոգևոր պարզունակ պահանջարկի բավարարման թելադրանքով են ոմանք անճանաչելի փոխվում։ Բարձր բարեկեցության կենցաղային, քաղքենիական ձգտումն է մեծամասնությանը տանում հարսանիքներ, ռեստորաններ, տարատեսակ ակումբներ։ Երգի թատրոնի իսկական բովանդակության մասին կարելի է դատել միայն ընթացիկ կրթամշակութային առօրյայով, փորձերով, նոր ներկայացումներով։
-ՈՒրեմն, վաղաժամ եզրահանգումներից եկեք խուսափենք մինչ Կոմիտասի երգերի հիման վրա մտահղացված բեմադրության առաջնախաղը։ Գուցե պատեհ առիթ դառնա Երգի թատրոնը պատած սև շղարշը պատռելու։ Հուսանք` մեր նորաբողբոջ համախոհությամբ երկուստեք առավել բարենպաստ կգործենք` ի շահ արդի երգարվեստի էստրադային ոլորտն առողջացնելու։ Քանի որ հանդիպման առիթը նոր ձայնասկավառակն էր, ասացեք, խնդրեմ, Ձեր հեղինակած 400 երգերից քանի՞սը կընդգրկեիք հավանական ընտրանիում։
-Տասական բալլադ, Արթուր Իսպիրյանի կատարմամբ մյուզիքլային-բրոդվեյականները և, իհարկե, հիթերը։ Մեր օրերում CD թողարկելը թանկ հաճույք է։ Մեկ երգի ձայնագրությունը մոտ 3 հազար ամերիկյան դոլար արժե։ Եթե «Երկու տուն, մեկ անուն` հայրենիք»-ի հիմնական երգացանկը վաղօրոք ձայնագրված չլիներ, անձնական միջոցներով չէի կարող 300 օրինակով թողարկումն իրագործել։ Ինչ հետևություններ ուզում են, թող անեն իմ ու Ռիտա Սարգսյանի անկեղծ բարեկամությունից։ Երբ նա ամերիկահայ հայտնի բարերար Ռիտա Պալյանի խնդրանքով ինձ առաջարկեց գրել «10 միլիոն հայ ենք մենք»-ը, ինքս էի ստիպված հոգալու ձայնագրության ծախսը։ ՈՒնեմ նաև սիմֆոնիկ երաժշտություն, որի մասին քչերը պատկերացում ունեն։
-Իմ ու տիկին Սարգսյանի անբռնազբոսիկ զրույցից էլ անհավանական եզրահանգումներ արվեցին։ Հեռուստաեթերի «շնորհանդեսային» կցկտուր կադրերից տպավորված` շարունակում են ամենատարբեր միջնորդագրերով ինձ դիմել` ենթադրելով, թե մենք վաղեմի մտերմուհիներ ենք։ Ըստ իս, Դուք էլ Ձեր կղզիացած գործունեությամբ եք հենց վաստակել «շոու բիզնեսի կնքահայր» խարանը։ Չեք ընդվզել, չեք պատռել Ձեր անվան շուրջ հյուսված սարդոստայնը։
-Գուցե և իրավացի եք։ Մանավանդ, մեզանում թյուր ըմբռնում ունեն շոուի մասին։ Փորձում են նմանակել արևմտյան կուռքերին` գաղափար անգամ չունենալով դրա մասին։ Չեն էլ գիտակցում, թե ինչ ծիծաղելի վիճակում են հայտնվում հենց իրենք` նախաձեռնողները։ Անխափան է գործում «Ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում» հանրահայտ սկզբունքը։ Ասենք, միշտ է գործել, բայց վճարողներն անհամեմատ բարեկիրթ, լուրջ արվեստասերներ են եղել։ Միայնակ չես հաղթի «հողմաղացներին»։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ